Հայտնի է Երեւանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակի առաջին երեք հորիզոնականները: Ցուցակը ղեկավարելու է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանության» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը: Նա նաեւ հաստատեց այն տեղեկությունը, որ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ինքը, երրորդը` ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Թեեւ ԿԸՀ ցուցակները ներկայացնելուն հաշված օրեր են մնացել, բայց Հայաստանի կուսակցությունները չեն շտապում եւ դեռ ոչ ոք չի ներկայացրել ցուցակը ԿԸՀ:
Նշենք, որ Երեւանի Ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, քաղաքական ուժերը պայքարելու են 65 տեղերի համար: Մարտի 11-ից 21-ը կուսակցությունները կարող են ներկայացնել իրենց ցուցակները, իսկ մարտի 21-ից 31-ը կայանալու է նրանց գրանցումը: Քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 7-ից եւ կավարտվի մայիսի 3-ին, մայիսի 4-ին լռության օր է: Ընտրությունները անցկացվելու են միայն համամասնական ցուցակներով:




























