Ընդդիմադիր ընտրազանգվածը պետք է հասկանա, որ ընտրություններն ավարտվել են: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ (պերկուպերկյանական թեւ) անդամ Վահան Շիրխանյանը՝ մեկնաբանելով հետընտրական զարգացումները:
«Դա պետք է հասկանա նաեւ ընդդիմությունը եւ հասկանա, որ իրենք եւս մեղքի իրենց բաժինն ունեն, քանի որ չի կարողացել արժանիորեն հանդես գալ այդ ընտրություններում»,-ասաց Շիրխանյանը: Նրա խոսքով՝ ագրեսիան, որը կարող է հետեւել բողոքի ակցիաներին, չի ուրախացնի ոչ մեկին, բացի Հայաստանի թշնամիներից: «Ադրբեջանը եւ Թուրքիան համարում են, որ հասել են իրենց նպատակին, երբ տեսնում են, որ Երեւանի փողոցներում հայերը խփում են հայերին»,-ասաց նա:
Շիրխանյանի ներկայացմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ այն մարդկանց, ովքեր իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին՝ երկրում առկա բազմաթիվ խնդիրների պատճառով: «Մինչեւ չփոխես համակարգը եւ նոր համակարգի պայմաններում չստեղծես նոր գաղափարախոսություն, դժվար է որեւէ փոփոխություն սպասել: Այո, յուրաքանչյուր ընտրություներից հետո կա աղքատություն եւ արտագաղթի ալիք, բայց եթե ընդդիմությունն ուզում է իշխանության գալ, նա սկզբի համար պետք է ավելի լավ կազմակերպված լինի»,-ամփոփեց Շիրխանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























