Բուլղարիայում պաշտոնաթող սպան կրակ է բացել գնչուների ընտանիքի վրա, ապա ինքնասպան եղել: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ի երեկոյան, երբ շարժական վագոնում ապրող գնչուները 67-ամյա Իվան կալուկովի տան մոտ անվադող են այրել եւ սկսել են թռչել կրակի վրայով՝ նշելով Մեծ պասի սկիզբը:
Նախկին սպային դա դուր չի եկել եւ նա սկսել է բղավել հարեւանների վրա, իսկ երբ նրան չեն արձագանքել, նա եկել է տուն, վերցրել ատրճանակը եւ վերադառնալով սկսել է կրակել գնչուների վրա:
Արդյունքում մեկ մարդ տեղում մահացել է, եւս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել են: Ինքը՝ Կալուկովը, վերադարձել է տուն եւ կրակել իր գլխին: Նրան փորձել են փրկել, բայց՝ ապարդյուն, հաղորդում է Novinite-ը:
«Դնեւնիկի» տվյալներով՝ գնչուները հայտարարում են, որ կոնֆլիկտը էթնիկ հողի վրա չի եղել, բայց խոստացել են ոչնչացնել Կալուկովի տունը: Դա կանխելու նպատակով տարածք են բերվել ոստիկանության ջոկատներ:




























