Carnival Cruise Lines ընկերությունը չեղյալ է հայտարարել 10 նախատեսված շրջագայություններ Triumph զբոսանավով, որը ողջ աշխարհում հայտնի էր դարձել Մեքսիկական ծոցով վերջին «բուրումնավետ» ուղեւորությամբ: Triumph-ը ծով դուրս կգա հունիսի 3-ից ոչ շուտ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նախկինում ընկերությունը չեղյալ էր հայտարարել փետրվարի 11-ից ապրիլի 13-ը նախատեսված 14 շրջագայություններ` նավի դիագնոստիկայի եւ վերանորոգման պատճառով: Բոլոր գնորդներին վերադարձվելու է տոմսերի արժեքը, նաեւ 25 տոկոս զեղչ է տրամադրվելու հետագա շրջագայությունների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փետրվարի 7-ին Triumph-ը նավարկել էր Թեքսասից 4,2 հազար ուղեւորներով: Երրորդ օրը նավի վրա հրդեհ էր բռնկվել, ինչի հետեւանքով նավը անշարժացել էր Մեքսիկական ծոցում: Ստորին տախտակամածերի հեղեղման պատճառով աղբն ու մնացորդները վեր էին բարձրացել, եւ նավը վերածվել էր լողացող աղբանոցի: Միայն փետրվարի 14-ին նավը քարշակել էին նավահանգիստ:

Նշենք, որ վերջին շրջանում Carnival-ի եւս երկու նավեր լուրջ տեխնիկական խնդիրների առջեւ էին կանգնել: