Հայաստանի փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 20-ին, Էլ Քուվեյթում հանդիպել է Քուվեյթի փոխվարչապետ, ֆինանսների նախարար, միջկառավարական հանձնաժողովի քուվեյթական կողմի համանախագահ  Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի հետ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են հայ-քուվեյթական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր: Գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` զրուցակիցները նկատել են, որ երկու բարեկամ երկրների միջեւ  փոխգործակցության ընդլայնման համար  անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ստեղծված են:

Անդրադառնալով միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը` նրանք 2011թ.  հոկտեմբերին Երեւանում կայացած հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը նշանակալի են համարել երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից: Երկուստեք արձանագրվել է, որ առաջին նիստից հետո նկատելի ակտիվացել են  տարբեր մակարդակով շփումներն ու փոխայցելությունները: Մասնավորապես, երկու կողմից աշխատանքներ են իրականացվում օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ,  որի վերաբերյալ  համաձայնագիր էր ստորագրվել  միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ: Հանձնաժողովի համանախագահները կարեւորել են սեղմ ժամկետներում Երեւան-Քուվեյթ օդային կապի հաստատման անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն հայտնել կառավարությունների մակարդակով աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին:  

Քննարկվել են նաեւ «Քուվեյթ» հիմնադրամի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունները: Քուվեյթի փոխվարչապետն իր երկրի կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամին` Հայաստանում զարգացման  ծրագրերի ֆինանսավորման հարցում: Ա. Գեւորգյանը Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի իրականացմանն աջակցելու առաջարկ ներկայացրեց, ինչը հավանության է արժանացել քուվեյթցի գործընկերոջ կողմից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման  աշխատանքներին: Արձանագրելով,  որ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվել, նրանք միաժամանակ ընդգծել են դրանց  շարունակման անհրաժեշտությունը: Արդեն մշակվել են տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ միջպետական փաստաթղթերի նախագծեր, որոնք նախատեսվում է ստորագրել միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում: Հանձնաժողովի համանախագահները քննարկել են նաեւ երկրորդ նիստի անցկացման ժամկետներին ու օրակարգին վերաբերող հարցեր:  Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն 2013թ. աշնանը կազմակերպելու վերաբերյալ:

Հանդիպմանը փոխվարչապետ Ա. Գեւորգյանը ՀՀ կառավարության անունից նաեւ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` սիրիահայերին աջակցելու աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու համար: