Հայաստանի փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը Քուվեյթի Պետություն աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ մարտի 20-ին, հանդիպել է «Քուվեյթ» հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Համադ ալ Օմարի հետ: Հիմնադրամն ակտիվ գործունեություն է ծավալում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում` աջակցելով երկրների տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամի հետաքրքրության շրջանակում են մասնավորապես գյուղատնտեսության, խմելու եւ ոռոգման ջրի համակարգի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների ենթակառուցվածքների զարգացման հարցերը:
Կողմերը քննարկել են նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավմանը, ինչը տարածքների զարգացման անհրաժեշտ նախապայման է:
Զրուցակիցները հատկապես անդրադարձել են ջրային ոլորտում փոխգործակցության հնարավորություններին: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունն առաջիկա տարիներին լուրջ աշխատանքներ է նախատեսում իրականացնել ջրամբարաշինության ուղղությամբ: Նա տեղեկություններ է ներկայացրել այդ ոլորտում նախատեսվող ծրագրերի եւ դրանց իրականացման հարցում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության սկզբունքների վերաբերյալ:
Հիմնադրամի ղեկավարությանը ներկայացվել է Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագիրը: Նշենք, որ նախատեսվում է Մաստարա գետի վրա կառուցել 10,2 մլն խմ ընդհանուր ծավալով, պատվարի 30մ բարձրությամբ ջրամբար, որը կկուտակի Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածում եղած ազատ հոսքը: Ջրամբարի կառուցումը հնարավորություն կտա բարձրացնել տարածաշրջանի վեց համայնքի 4384 հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը:
Հիմնադրամի ներկայացուցիչները նույնպես նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստակամություն են հայտնել քննարկել կոնկրետ նախագծեր:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը մեկ ամսվա ընթացքում հիմնադրամին կներկայացնի Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթը, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` տեղում ծրագրի իրականացման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: Նախատեսվում է, որ 2013թ. մայիսին Մաստարայի ջրամբարի կառուցման նախագիծը կներկայացվի հիմնադրամի խորհրդի հաստատմանը:




























