Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցներն, այսօր՝ մարտի 20-ին, խուզարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի փարիզյան բնակարանը:
Խուզարկությունը կապված է, ասյպես կոչված, «Տապիի գործի» հետ, որի շրջանակներում Լագարդը մեղադրվում է ծառայողական լիազորությունները գերազանցելու եւ պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հաղորդում է RBK-ն, Լագարդը կասկածվում է, որ 2008-ին լինելով Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար, ճնշում է գործադրել դատարանի վրա, որը քննելիս է եղել պետության վերահսկողության ներքո գտնվող Crédit Lyonnais բանկի եւ միլիարդատեր Բեռնար Տապիի միջեւ առկա վեճը՝ Adidas ընկերության բաժնետոմսերի հետ կապված: Քննության վարկածով՝ Լագարդը հասել է նրան, որ գործն ուղարկվել է հատուկ արբիտրաժ եւ Տապիի կողմից փոխհատուցում վճարելու որոշում է կայացվել:
Եթե Լագարդի դեմ պաշտոնապես մեղադրանք առաջադրվի, նա ստիպված կլինի հրաժարական տալ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից, ինչպես դա արեց իր նախորդը՝ Դոմինիկ Ստրոս-Կանը: Քրիսթին Լագարդը ԱՄՀ-ն ղեկավարում է 2011-ի հուլիսի 5-ից՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում:




























