Կիպրոսի կառավարությունն ու կենտրոնական բանկը ֆինանսական դրության կայունացման նոր ծրագիր են մտածել: Այդ ծրագիրը կարող է պետության բերել 5 մլրդ եվրո` սոցիալական ապահովության հիմնադրամների ակտիվների օգտագործման շնորհիվ: Եւս մեկ մլրդ եվրո իշխանությունները կարող են ստանալ բանկային ավանդները պարտամուրհակների հետ փոխարինելու հաշվին: Պարտամուրհակները վճարվելու են օֆշորային գազային հանքավայրերի մշակումից ստացված եկամուտներից:

Նոր պլանը ներկայացվելու է մարտի 20-ին եվրոպական «եռյակի» քննարկմանը, որ բաղկացած է Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներից: «Եռյակն» իր հերթին մտադիր է Կիպրոսին նոր ծրագիր առաջարկել: Բայց դրա բովանդակությունը գաղտնի է պահվում:

Նշենք, որ բանակցությունները Կիպրոսի եւ Ռուսաստանի կառավարության միջեւ հաջողությամբ դեռ չեն ավարտվել: Ընդ որում, կիպրական պատվիրակությունը մտադիր չէ լքել Մոսկվան; Բանակցությունները շարունակվելու են մարտի 21-ին:

Նշենք, որ մարտի 19-ին Կիպրոսի խորհրդարանը մերժել էր Եվրամիության առաջարկը` բանկային դեպոզիտների վրա 10-տոկոսանոց հարկման վերաբերյալ: