Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ մարտի 18-ից Դանիայի Թագավորությունում է: Այցի նպատակն է ծանոթանալ Դանիայի սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության վերահսկողության գործող համակարգին:
Դանիայում հայկական պատվիրակությանը դիմավորել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, այնուհետեւ պատվիրակությունը այցելել է «Գիսեֆելդ Քլոսթեր» եղեւնիներ արտադրող եւ արտահանող կազմակերպություն: Կազմակերպության տնօրեն Ջենս Ռիսոմին ներկայացրել է կազմակերպության բազմաբնույթ գործունեությունը եւ այցելություն է կազմակերպել տնկարաններ, որտեղ Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է արտադրական մեթոդներին: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծել է հետագա համագործակցության կարեւորությունն ու կազմակերպության ղեկավարին հրավիրել է Հայաստան` քննարկելու ՀՀ-ում տնկարանների հիմնադրման հնարավորությունը:
Այցելությունից հետո նախարարը հանդիպում է ունեցել ձկնաբուծական տնտեսության ներկայացուցչի հետ եւ քննարկել է Դանիայի ձկնաբուծության ոլորտում փորձի եւ տեխնոլոգիաների փոխանցման ու փորձնական ծրագրերի իրականացման հարցը:
Նույն օրը երեկոյան ՀՀ դեսպանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել են հայկական համայնքի ներկայացուցիչների եւ դեսպանատան աշխատակազմի հետ: Նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը եւ զարգացումները, նաեւ պատասխանել է հայկական համայնքին հետաքրքրող հարցերին:
Մարտի 19-ին պատվիրակությունը հանդիպել է Դանիայի գյուղատնտեսության եւ սննդի նախարարության անասնաբուժության եւ սննդամթերքի ադմինիստրացիայի տնօրեն Էսբեն Էդեգ Ռասմուսսենի հետ: Էդեգ Ռասմուսսենը ներկայացրել է կազմակերպության կառուցվածքն ու հիմնական գործառույթները: Հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է հետագա համագործակցության անհրաժեշտությունը` փորձի փոխանակման եւ Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման ուղղությամբ: Այնուհետեւ Թվինինգ ծրագրի ղեկավարի տեղակալ Թորսթեն Բերգը նեկայացրել է համակարգային բարելավման պատմությունը եւ համեմատականներ է անցկացրել Հայաստանի եւ Դանիայի համակարգերի միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը: Թորսթեն Բերգը գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Օրվա երկրորդ հատվածում, պատվիրակությունը հանդիպել է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության, «ԴԱՆԻԴԱ» զարգացման գործակալության ղեկավարի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ճյուղերը, խնդիրները եւ հնարավոր համագործակցության ուղղությունները: Եվրոպական հարեւանության եւ Ռուսաստանի դեպարտամենտի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ հաստատել է կազմակերպության հետաքրքրությունը հետագա համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես նշվել է, որ կազմակերպությունը հետաքրքրված է համագործակցելու գյուղանտեսության զարգացման մի քանի նախանշված ուղղություններով, որոնք կնպաստեն տնտեսական աճի ապահովմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում: Հանդիպման ավարտին «ԴԱՆԻԴԱ» կազմակերպության ղեկավարը նշել է , որ նախարարության կողմից ներկայացված գերակայությունները կարող են ընդգրկվել կազմակերպության 2014-2016 ծրագրերում: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հրավիրել է կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստան` հետագա ծրագրերն առավել առարկայական քննարկելու համար: Նույն օրը նախարարը հանդիպել է նաեւ «Եվրոֆիշ» կազմակերպության ղեկավար` Աինա Աֆանասեւային եւ քննարկել է կազմակերպությանն Հայաստանի անդմակցության հարցը:
Մարտի 20-ին պատվիրակությունն այցելել է Դանիայի գյուղատնտեսության եւ սննդամթերքի խորհուրդ, որտեղ Դանիայի արդյունաբերության ֆեդերացիայի տնօրեն` Սյուզի Սթարք Էքստրանդն եւ սննդամթերքի մասով ղեկավար Գիտտե Հեստեհավը մանրամասնորեն ներկայացրել են սննդամթերքի եւ անասնակերերի անվտանգության վերահսկողության համակարգը: Հանդիպումները եւ ուսումնական ծրագիրը շարունակվել է Գյուղատնտեսության եւ սննդի նախարարությունում` սննդամթերքի անվտանգության վերահսկողություն թեմայով:
Նույն օրը երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է Յուլանդ թերակղզի, որտեղ այցելություններ է ունեցել խոզաբուծական, անասնապահական եւ ձկնաբուծական տնտեսություններ: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ արտադրության տեխնոլոգիաներին եւ մասնավորապես սննդամթերքի անվտանգության համակարգերին: Նախարարը հրավիրել է տնտեսությունների ղեկավարներին Հայաստան` գործունեություն ծավալելու եւ արտադրություն կազմակերպելու համար:
Ծրագրի ավարտին նախարարը վերահաստատել է Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման անհրաժեշտությունը եւ վերոնշյալ կազմակերպությունների հետ հետագա համագործակցությունն այս ուղղությամբ:




























