Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի այրին մտադիր է ամուսնու աճյունը հանել գերեզմանից եւ տանել պատիժների իրականացման վարչություն:

Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան իր մի քանի կողմնակիցների հետ ժամանել է Մտածմինդայի պանթեոն, որտեղ թաղված է նախագահի աճյունը, եւ սկսել է փորել:

«Իմեդի» հեռուստաալիքի տվյալներով, նա հայտարարել է, որ եթե իր որդուն՝ Ցոտնեին ազատ չարձակեն, նա ամուսնու աճյունը կհանի գերեզմանից եւ կտանի պատիժների իրականացման վարչություն:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 27-ին Ցոտնե Գամսախուրդիան գտնվում է նախնական կալանքի տա: Նրա դեմ երկու քր.գործ է հարուցվել՝ հարեւանին հրազենով վնասվածք հասցնելու եւ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:

Չընդունելով իր մեղքը՝ Գամսախուրդիան մի քանի շաբաթ առաջ հացադուլ է հայտարարել, բայց փետրվարի 15-ին հայտնի է դարձել, որ երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել կոմայի մեջ: