Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով Թուրքիայի բնակչության մեջ 65 եւ ավելի տարիք ունեցողները սկսում են մեծ տոկոս կազմել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով 2012 թվականին Թուրքիայի բնակչության 7,5 տոկոսը կազմել են 65 եւ ավելի տարիք ունեցողները, իսկ արդեն 2023-ին նրանք կկազմեն բնակչության 10,2 տոկոսը, 2050-ին՝ 20,8 եւ 2075-ին՝ 27,7 տոկոսը։
Նշենք, որ մինչ այս, Թուրքիայի վիճակագրական վարչության վերջին տվյալներով Թուրքիայի արեւելյան հատվածներում, որտեղ հիմնական բնակչությունը քրդերն են, բնակչության թվի արագ աճ է տեղի ունենում, իսկ արեւմտյան հատվածներում՝ նվազում է։
Օրինակ՝ Թուրքիայի արեւելյան նահանգներում բնակչության միջին տարիքը խիստ երիտասարդ է՝ 18,5-21,7։ Բացի այդ արեւելքում մեկ ընտանիքին ընկնում է միջինը 5 երեխա, իսկ արեւմտյան հատվածներում՝ 1 երեխա։



























