Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում մարտի 21-ին տեղի ուենցած Նովրուզի տոնակատարության ժամանակ հնչեցրած Օջալանի ուղերձին պատասխանել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Մուրադ Քարայըլանը հայտարարել է, թե այդ խնդրում իրենք վստահ են իրենց ուժերին եւ պատրաստվում են կյանքի կոչել Աբդուլլահ Օջալանի կոչը։ «Մերձավոր Արեւելքի առկա իրավիճակը, մեր ձեռքում առկա հնարավորություններն ու ուժերը մեզ հնարավորություն են տալիս խաղաղությամբ ազատագրել Քուրդիստանը։ Թող բոլորը իմանան, որ PKK-ն պատրաստ է թե պատերազմի, թե խաղաղության»,-ասել է Մուրադ Քարայըլանը։

Նշենք, որ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձում նշվել է.

Ճնշումների համակարգի դարաշրջանն ավարտվել է. ժողովուրդները ազատություն եւ եղբայրություն են ցանկանում։

Այսօր նոր դարաշրջան է Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի համար։

Քրդերը պայքարով ձեռք բերեցին իրենց ինքնությունը։

Արդեն թող զենքերը լռեն, քաղաքականությունը օրակարգում լինի։

Մեր զինված ուժերը թող սահմանից դուրս գան։

Սա վերջը չէ, այն մի նոր ժամանակաշրջանի սկիզբն է։