Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավարը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանին՝ խնդրելով միջամտել դատապարտյալներ Մ.Հ.-ի եւ Հ. Վ.-ի առողջության հետ կապված ՀՀ ԱՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելու հարցում։

Նշենք, որ 2010թ. հունվարի 25-ին դիտորդական խմբի անդամներ Լ. Գասպարյանն ու Թ. Խալափյանը, փորձագետներ Ժ. Մեսրոպյանի եւ Է.Եղիազարյանի հետ այցելել են «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ պարզել են, որ դատապարտյալներ Մ.Հ.-ն ու Հ.Վ.-ն ծանր առողջական վիճակում են։

Մ.Հ.-ն տառապում է ուռուցքային հիվանդությամբ (ըստ ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոլոգ Ծառուկյանի խորհրդատվության՝ երիկամային երակի ուռուցքային թրոմբ), իսկ Հ.Վ.-ն՝ տեսողության հետ լուրջ խնդիրներ ունի (բարդացած կատարակտով):

Դիտորդական խմբի հրատապ հաշվետվության շնորհիվ վերջինս ենթարկվել է մի քանի հետազոտությունների։ Ախտորոշումը հաստատվել է, եւ նրանք ներկայացվել են ՀՀ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին, սակայն երկու դատապարտյալների հարցով մինչ հիմա հանձնաժողովը որեւէ որոշում չի կայացրել։ Նշենք, որ հիշյալ հանձնաժողովը, համաձայն «պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների» ցանկի, պարտավոր էր համապատասխան որոշում կայացնել։

Արդարադատության նախարարությունը սահմանված ժամկետներում չի արձագանքել դիտորդական խմբի դիմումին։ Այս դեպքում, ըստ գործող կարգի, հրատապ հայտարարությունը ենթակա է հրապարակման։