Եթե Ռուսաստանը մտադիր էլ է ՀՕՊ համակարգեր տեղադրել ԱՊՀ-ում, դա, թերեւս, վերաբերվում է ՀԱՊԿ անդամ երկրներին, այլ երկրները դժվար համաձայնվեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել վրացի փորձագետ Արչիլ Գեգեշիձեն:

Նրա խոսքով, Ռուսաստանի ձգտումը ՀՕՊ-եր տեղադրել ԱՊՀ երկրներում զուտ քարոզչություն է: Ընդ որում, նա նշել է, որ ռուսաստանյան ՀՕՊ-երի հնարավոր տեղադրմանը Վրաստանի արձագանքը, իհարկե, բացասական է լինելու: «Բայց դժվար թե Վրաստանը խոչընդոտի դրան»,- հայտարարել է փորձագետը:

Հիշեցնենք, որ ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Ռուսաստանի ՌԾՈՒ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկիին, հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է վերջին սերնդի ՀՕՊ Ս-400 համակարգեր տեղադրել ԱՊՀ երկրներում, եթե քաղաքական որոշում ընդունվի: Նա նշել էր, որ համակարգերը կարող են օգտագործվել ԱՊՀ համատեղ պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում: