Մարտի 1-ին նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքը մեծ նշանակություն է ունենալու Հայաստանի ներքաղաքական կյանքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շանազարյանը: Նա տեղեկացրել է, որ հանրահավաքի ժամանակ գնահատական կտրվի ներքաղաքական վիճակին եւ կհրապարակվեն ՀԱԿ-ի ապագա ծրագրերը:
Ընդդիմադիր գործիչը չհամաձայնեց, որ ՀԱԿ-ը վերջին ժամանակներս պասիվ է: «Հայ ազգային կոնգրեսը իրեն չի դրսեւորել որպես պասիվ քաղաքական ուժ: Մենք միշտ ակտիվ ենք եղել։ Այլ խնդիր է, որ որոշ ժամանակ ՀԱԿ-ը դադարեցրել է իր զանգվածային ակցիաները, բայց շուտով մենք դրանք վերականգնենք»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ մոտակա 2-3 օրերին Հաագայի դատարան է ուղարկելու Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված հայցը:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Շահնազարյանը նշել է, որ իշխանության ղեկին գտնվող բոլոր ուժերը քաղաքական երկար կյանք չունեն, քանի որ զուրկ են քաղաքական իմաստից: «Իշխանափոխությունից հետո այդ ուժերն անգամ մեկ օր չեն կարող գոյատեւել քաղաքական դաշտում»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ԵԿՄ համագումարին, Շահնազարյանն ասել է, որ պետք չէ սեւեռվել այդ իրադարձության վրա, քանի որ «Երկրապահը» ավելին չէ, քան հասարակական կազմակերպություն, եւ այդպիսին էլ մնալու է ապագայում:
Անդրադառնալով վերջերս գործարար Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալմանը (Խաչատուր Սուքիասյանի եղբայրը), ՀԱԿ-ի անդամը հայտարարել է, որ դա իշխանության կողմից սադրանքի հերթական անհաջող փորձն էր: «Սակայն նրանց պլանը չհաջողվեց, եւ հերթական անգամ իշխանություններն իրենց դրեցին հիմար վիճակի մեջ»,- ասել է նա:




























