Թեեւ Վրաստանի իշխանությունները դեմ չեն Վերին Լարսի անցակետի բացմանը, սակայն դրա դիմաց ուզում են ինչ-որ բան ստանալ: Մասնավորապես՝ Վրաստանի կառավարության խոսնակ Նիկոլոզ Մչեդլիշվիլին հայտարարել, է որ «Վրաստանի վարչապետը որեւէ վտանգ չի տեսնում անցակետի բացման մեջ: Դա կարող է անգամ որոշակի դրական ազդեցություն ունենալ սահմանամերձ գոտու բնակիչների համար, սակայն, ընդհանուր առմամբ, այդ անցակետի բացումը տնտեսական մեծ շահույթներ չի բերի»:

Իսկ ահա վրացի տնտեսագետ Գիա Խուխաշվիլին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Վերին Լարսի անցակետի բացումը հարվածում է Վրաստանի ազգային շահերին: «Հաշվի առնելով քաղաքական եւ տնտեսական այն բոլոր դիվիդենտները, որ ստանում են Ռուսաստանն ու Հայաստանը, Վրաստանն էլ կարող է մի որեւէ բան ստանալ դրա դիմաց, օրինակ` ռուսաստանյան շուկա վերադառնալու իրավունք: Առանց այդ քայլի` այս ամենը վերածվում է վրացական կողմի հերթական կապիտուլյացիայի»,- ասել է նա:

Վերլուծաբան Մամուկա Արեշիձեն էլ նշել է. «Հայտնի է, որ այդ անցակետից ոչ միայն Հայաստանն է օգտվելու, այլեւ Ռուսաստանը: Ռուսները Վերին Լարսով ռազմական բեռներ են տեղափոխելու Հայաստանում գտնվող իրենց ռազմակայաններ: Վրաստանը պետք է սահմանափակի ռազմական բեռների տեղաշարժն այս անցակետով»:

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը փակվել է 2008 թվականի ամռանը` ռուսական կողմի նախաձեռնությամբ: Անցած տարի Ռուսաստանի իշխանությունները սկզբում հայտարարեցին, որ ավարտել են անցակետի հիմնանորոգման աշխատանքները, ապա նաեւ հրապարակեցին սահմանային անցակետի վերաբացման հստակ օրը` 2010 թվականի մարտի 1-ը: Այդ անցակետն ապահովում էր Վրաստանի տարածքով Հայաստանի ցամաքային կապը Ռուսաստանի հետ: Անցակետի փակումից ի վեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բեռնափոխադրումները իրականացվում են Փոթի — Նովոռոսիյսկ լաստանավային ճանապարհով: