ՀԱԿ-ի անդամ. Թեհրանի լոյալությունը Բաքվի ու Թել Ավիվի միջեւ հարաբերությունների ջերմացման հանդեպ՝ հետաքրքիր է

Այդ ջերմացումը պետք է դիտարկել Թել Ավիվ — Անկարա հարաբերությունների սառեցման համատեքստում…

Վերջին շրջանում նկատվող Բաքվի ու Թել Ավիվի միջեւ հարաբերությունների ջերմացումը եւ փոխադարձ այցելությունները անհրաժեշտ է դիտարկել Թել Ավիվի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների սառեցման համատեքստում: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը:

Միաժամանակ նա հատկանշական համարեց ոչ թե ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ջերմացման փաստը, այլ այն փաստը, թե որքան լոյալ այդ ամենին արձագանքեց Իրանը: «Համաձայնեք, որ Թեհրանի այդքան լոյալ վերաբերմունքը Բաքվի ու Թել Ավիվի միջեւ վերջին գործընթացներին, հետաքրքիր է՝ հաշվի առնելով, որ Իրանը շատ խանդոտ է վերաբերվում Իսրայելի հետ երրորդ երկրների ցանկացած հարաբերության»,- նկատեց ՀԱԿ-ի անդամը:

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված վիճակին, ապա ըստ Դ. Շահնազարյանի՝ այդ հարցում Մոսկվայի ու Վաշինգթոնի դիրքորոշումները համընկնում են: «Հենց այդ համատեքստում արժե դիտարկել Ռուսաստանի մերժումը՝ Իրանին հատկացնել զենիթա-հրթիռային C-300 համալիները»,- իր խոսքն ամփոփեց նա: