Մարտի 27-ին, Լեհաստանում գտնվող Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բաղդասարյանը նախ փոխանցել է նրան ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-լեհական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ կարեւորվել դրա ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Լեհաստանի նախագահին է ներկայացվել երկու երկրների անվտանգության խորհուրդների կողմից համատեղ իրականացված, ՀՀ եւ ԼՀ միջեւ կնքված միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի դիտարկման արդյունքները:
ԱԱԽ Քարտուղարը նշել է, որ իր գործընկերոջ հետ պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտներն ու շրջանակները: Բրոնիսլավ Կոմորովսկին բարձր է գնահատել կատարված աշխատանքները եւ ողջունեց համագործակցությունը խորացնելու կողմերի պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սերժ Սարգսյանի` առաջիկայում Լեհաստան կատարվելիք այցին առնչվող հարցեր:
Նույն օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղարի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի պետական քարտուղար Բոգուսլավ Վինիդի հետ: Քննարկվել են հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրություն է դարձվել Հայաստանի եվրաինտեգրման եւ Արեւելյան գործընկերության խորացման ճանապարհին լեհական կողմի հնարավոր օժանդակության, դրանց շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին եւ հեռանկարներին:
ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը հանդիպում է ունեցել նաեւ Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Իլլկա Լայթինենի հետ, որի ընթացում քննարկվել են 2013-2014 թթ. սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության համատեղ ծրագրերը, կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ միջոցառումները եւ դրանց իրականցման ժամկետները:
Այնուհետեւ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ` խմբի ղեկավար, ծագումով հայ Լուկաշ Աբգարովիչի հետ:
Երկուստեք նշվել է, որ Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների միջեւ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են:
Հանդիպման ժամանակ ընդգծվեց, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված պատգամավորական բարեկամության խմբերը կարեւոր դերակատարություն ունեն օրենսդիր մարմինների կապերի ընդլայնման եւ խորացման գործում:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Լեհաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Երկրի ընդերքի ֆիզիկայի եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում, Լեհ-հայկական առեւտրաարդյունաբերական պալատում, Լեհաստանի տեղեկատվության եւ արտաքին ներդրումների գործակալությունում: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-լեհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:




























