«Սատանայի փաստաբան» իտալացի իրավաբան Ջովանի Դի Ստեֆանոն բրիտանական դատարանի կողմից խարդախության համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Ըստ հետաքննության` Դի Ստեֆանոն, չունենալով համապատասխան որակավորում եւ կրթություն, իր հավանական պաշտպանյալներին ներկայացել է որպես մասնագետ իրավաբան եւ բավականին մեծ գումարներ ստացել: Նրա հասցրած վնասը գնահատվել է մի քանի միլիոն դոլար, հայտնում է Agence France-Presse-ը: Բացի խարդախությունից նա մեղավոր է ճանաչվել նաեւ փաստաթղթերի կեղծման, փողերի յուրացման եւ մարդկանց մոլորեցնելու համար: 

Ջովանի Դի Ստեֆանոն աղմկահարույց դատավարությունների ամբաստանյալներին պաշտպանող փաստաբանի համբավ ունի:

Նրա պաշտպանյալների շարքում են եղել Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը եւ նրա մերձավորներից Թարիկ Ազիզը, Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը, ինչպես նաեւ բրիտանացի մի շարք հայտնի գողեր եւ մարդասպաններ, գրում է lenta.ru-ն:

Դի Ստեֆանոն ընթացող դատավարությունը քաղաքական է անվանում: Նա հայտարարել է, որ իր հետապնդումն սկսվել էր, քանի ո ինքն առաջարկել էր դատել Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին Իրաքում վերջինիս ունեցած դերակատարության պատճառով: Հետագայում` դատավարության ընթացքում, Դի Ստեֆանոն մասնակիորեն ընդունել էր մեղքը: