Բրազիլիայի Ամապա նահանգում Ամազոն գետի վտակներից մեկում լաստանավի վեց ուղեւորներն անհայտ կորել են վիթխարի ալիքի հետեւանքով տեղի ունեցած վթարի արդյունքում: Այս մասին հաղորդել են տեղի առափնյա պաշտպանության ծառայության աշխատակիցները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մակապա քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող «Անգլո-Ամերիկան» ընկերությանը պատկանող, օվկիանոսային նավերի համար հանքաքարեր տեղափոխող լաստանավը ծածկել է վիթխարի ալիքը` իր հետ տանելով մարդկանց եւ ծանր տեխնիկան, այդ թվում մի քանի բեռնատար մեքենաներ եւ նավահանգստային վերամբարձ կռունկը: Ալիքը շրջել է նաեւ ափին գտնվող մի քանի ձկնորսական նավեր, որոնք ջրասույզ են եղել:
Անհայտ կորածների որոնողական աշխատանքները դեռ արդյունքներ չեն տվել եւ մթնելու պատճառով ժամանակավորապես դադարեցվել են:




























