Որեւէ մեկը այս պահին չի պատրաստվում տարածքներ զիջել Ադրբեջանին: «Տեսակետ» ակումբում նման հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա, սակայն, համենայն դեպս մեկ անգամ եւս կրկնեց «այս պահին» բազմանշանակ արտահայտությունը:
Ըստ Սահակյանի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում Հայաստանի իշխանությունների համար ամենակարեւոր հարցը կարգավիճակի խնդիրն է, իսկ մնացած սկզբունքները երկրորդական են: ՀՀԿ փոխնախագահը նաեւ սենսացիոն ոչինչ չի տեսնում Մադրիդյան սկզբունքների հրապարակման մեջ, նույնիսկ համոզված է, որ այդ սկզբունքները մեզանում մշտապես քննարկվել են: «Պարզապես համանախագահողների կողմից ավելի բաց քննարկումների նպատակահարմարություն առաջացավ, որը դրական եմ գնահատում: Առավել եւս, կարծում եմ, որ քաննարկվող հարցերի շրջանակը այնպիսին է, որ իրոք առաջընթաց կա, եւ պիտի նաեւ չզարմացնի քննարկվող հարցերը, որովհետեւ միջազգային սցենարներում նման երեւույթները, նման խնդիրները հենց այն շեշտադրումներն են, որոնք տեղ են գտել մադրիդյան փաստաթղթում»,- իր մտքերը մի կերպ ձեւակերպեց սահակյանը, որպես դրական փաստ նշելով, թե «առաջին անգամ, ոչ իրավական փաստաթուղթ որպես, արձանագրված է, որ վերջիվերջո Ղարաբաղյան խնդիրը, միջազգային առումով, կամ մտածողության, իր լուծումները կգտնի ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակներում»: Թե որտեղից էր ՀՀԿ փոխնախագահը նման եզրահանգման եկել, որեւէ մեկին այդպես էլ հայտնի չդարձավ: Դիտարկմանը, թե մադրիդյան սկզբունքներում որեւէ խոսք չկա ազգերի ինքնորոշման մասին, Սահակյանը նախահարձակ եղավ. «Այնտեղ նաեւ խոսք չկա տարածքային ամբողջականության մասին»:
Սահակյանը նաեւ նկատեց, որ սկզբունքներն այնքան էլ հստակ չեն: Նա նշեց, թե բավական խնդիրներ կան, բայց ՀՀԿ-ի համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Հարցին, թե որ տարածքներն է պատրաստ զիջել կարգավիճակի դիմաց անձամբ Գալուստ Սահակյանը խուսափեց պատասխանել:




























