«Ես որեւէ հետաքրքրություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում, սակայն ունեմ մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին», — «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:
«Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ», — ընդգծել է նա:
Սարգսյանը նշել է , որ այսօր իր հետաքրքրությունների ոլորտում երկու ուղղություն կա: Դրանցից առաջինը` էներգետիկ անվտանգությունն է, երկրորդը` միջուկային վառելիքի կառավարումը, որովհետեւ դա շատ ցավոտ խնդիր է: «Եւ երրորդ մասը իմ կյանքի` գործարար կյանքն է, որը, հիմնականում, հետաքրքրությունների ոլորտը ժամանակին հեռահաղորդակցության ոլորտն էր, հիմա` ավելի շատ էներգետիկ ռեսուրսները. սա այն տեղն է, որտեղ ես փորձում եմ դրամ վաստակել, որի մի մասը ծախսում եմ նաեւ բարեգործական գործունեության համար»,- պատմել է Արմեն Սարգսյանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում արքայազն Չառլզի եւ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ տրվեց «Երեւան-իմ սեր» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նախաձեռնողը Արմեն Սարգսյանն է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է չորս շենք կառուցել Երեւանի կետրոնում։ 2 շինությունը լինելու են երաժշտական դպրոց որբերի համար, որը ղեկավարելու է Ջիվան Գասպարյանը, մյուս 2-ը՝ վերակառուցվելու են Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ, դրանցից մեկում մանկապարտեզ է լինելու թույլ լսողությամբ երեխաների, մյուսում՝ տուն միայնակ մայրերի եւ նրանց երեխաների համար:: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր Արմեն Սարգսյանը, հաջորդ ծրագիրը կոչվելու է «Գյումրի-իմ սեր»:




























