Ընկերությունները, այլ ոչ թե աշխատակիցներն են վճարելու 75% շահութահարկը՝ միլիոն եվրոն գերազանցող աշխատավարձի դեպքում։
Այդ մասին France2 հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Ըստ Օլանդի՝ տվյալ հարկի կիրառումը նախատեսվում է որպես արտակարգ հակաճգնաժամային միջոց: Ենթադրվում է, որ այն կիրառվելու է երկու տարի՝ սկսած 2014թ.-ից: Օլանդը նաեւ խոստացել է, որ 2013-2014թթ. ֆիզիկական անձանց նկատմամբ հավելյալ հարկեր չեն կիրառվելու, գրում է gazeta.ru-ն:
Ընկերությունների վրա հարկերը գցելով՝ Օլանդը փորձում է շրջանցել ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվող համանման հարկը: Դեկտեմբերին հարկի կիրառմանը հավանություն չէր տվել նաեւ Սահմանադրական խորհուրդը:
Հիշեցնենք, որ հարուստների հարկային բեռն ավելացնելը Օլանդի գլխավոր նախընտրական խոստումներից էր: Տարեկան 1 միլիոն եվրոն գերազանցող եկամուտ ունեցողների հարկերը 41%-ից մինչեւ 75% բարձրացնելը բուռն դիմադրությամբ էր ընդունվել Ֆրանսիայի միլիոնատերերի կողմից: Դրան հաջորդել էր այսպես կոչված հարկային փախստականների քանակի կտրուկ աճը:
Ամենաաղմկահարույցը Ֆրանսիայից հայտնի դերասան Ժերար Դեպարդիեի մեկնումն էր, որը հունվարին ստացել էր ռուսական անձնագիր Վլադիմիր Պուտինից, ինչպես նաեւ դարձել էր Մորդովայի Հանրապետության պատվավոր քաղաքացի:
Երկիրը լքողների շարքում են նաեւ Auchan սուպերմարկետների ցանցի սեփականատեր Մյուլե ընտանիքը, էլեկտրոնային փոփ երաժիշտ Ժան Միշել Ժարը եւ Ֆրանսիայի ամենահարուստ մարդը՝ Moet Hennessy Louis Vuitton հոլդինգի տեր Բեռնար Առնոն: Երկիրը լքել է նաեւ Մոնիկա Բելուչի եւ Վենսան Կասել դերասանական զույգը:
Օլանդի նոր ՝ հարկերը աշխատավարձերի ֆոնդ տեղափոխելու նախաձեռնությունը, նույնպես չի ուրախացրել գործարարներին՝ չնայած մնացած հարկերը նվազեցնելու խոստումներին:




























