Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի Պետդեպին մեղադրել է Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու եւ «օրենքի խախտումներ հրահրելու» մեջ։ Սա է եղել Ռուսաստանի ՀԿ-ներում տարվող ստուգումների մասին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունների արձագանքը։ Դրանք գրավել էին արտասահմանյան մամուլի ուշադրությունը, իսկ ԱՄՆ-ի Պետդեպը հայտարարել էր, որ կշարունակի միջնորդների միջոցով ֆինանսավորել որոշ ՀԿ-ների։
«Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ն մտադիր է երրորդ երկրի միջնորդների միջոցով ֆինանսավորել Ռուսաստանի առանձին ՀԿ-ներին՝ շրջանցելով ռուսական օրենսդրությունը, գնահատում ենք որպես միջամտություն մեր ներքին գործերին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարության մեջ:
Ըստ նրա՝ «փաստացի սա հայտնի ոչ կառավարական եւ հասարակական կառույցներին ուղղակի հրահրում է խախտել ՌԴ-ի տարածքում ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական նորմերը»:
«Նուլանդի ակնարկներն այլ կերպ չի կարելի որակել, քան ցինիկ եւ սադրիչ», - նշել է Լուկաշեւիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ստուգումներ են կատարվել ամենատարբեր կազմակերպություններում. Human Rights Watch-ի մոսկովյան գրասենյակ, Անդրեյ Սախարովի հիմնադրած ստալինյան բռնությունների զոհերի վերականգնողական «Մեմորիալ», գերմանական Ադենհաուերի եւ Էբերտի հիմնադրամներ, բնապահպանական կազմակերպություններ եւ այլն: Նուլանդը հայտարարել էր, որ «դա իր տեսակի մեջ «կախարդների որս է»:




























