Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտնել է կղզու հարավային մասում խաղատուն բացելու մասին` երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու նպատակով հավելյալ միջոցներ ստանալու համար: Այդ մասին գրում է տեղական Fileleftheros թերթը:
Մինչ այժմ Կիպրոսի ուղղափառ եկեղեցին կտրուկ բողոքում էր կղզում խաղատների կառուցման դեմ: Խաղատները միշտ էլ գտնվել են Կիպրոսի հյուսիսային մասում, որը վերահսկում է Թուրքիան: Կիպրոսի տնտեսությունն ամրապնդելու նպատակով Անաստասիադիսի ներկայացրած առաջարկներից մեկը տեղական արտադրանքի համար եկամտահարկի վերացումն է, որը ներդրողներ կներգրավի: Երկրի նախագահը նաեւ խոստացել է միջազգային վարկերի մարման պայմանների թեթեւացում, այդ թվում նաեւ պարտքի մարման ժամկետի ավելացում եւ տոկոսադրույքի նվազեցում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Բացի դրանից, Կիպրոսի ղեկավարը մտադիր է պաշտպանել կղզու բնակիչների իրավունքներն աշխատաաշուկայում: Ըստ նրա` կառավարությունը նախատեսում է համաձայնեցնել գործատուների հետ պայմանները, ըստ որոնց` նրանց աշխատակիցների 70%-ը պետք է Կիպրոսի քաղաքացիներ լինեն: Այդպիսով, իշխանությունները պատրաստվում են կանխել երկրում գործազրկության աճը: Այժմ գործազրկության մակարդակը 15% է:




























