«ԼՂՀ-ն ցավալիորեն չի մասնակցում բանակցություններին եւ հենց ԼՂ իշխանությունների պարտքն է գնահատական տալ ընթացող գործընթացներին եւ ասել՝ ընդունելի՞ են իրենց համար այս մոտեցումներ, թե` ոչ»,- այսօր նման տեսակետ հայտնեց Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ՀԱԿ-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նրա խոսքով, դեռեւս 10 տարի առաջ ինչ-ինչ պատճառներով որոշում կայացվեց բանակցային գործընթացում Ղարաբաղի լիազորությունները վերագրել ՀՀ իշխանություններին, բայց «անցած 10 տարիները ցույց տվեցին, որ այդ լիազորությունները իշխանությունները ի չարս են օգտագործել եւ ժամանակն է վերադարձնել այդ իրավունքը հակամարտության հենց բուն մասնակցին եւ ԼՂ-ն ինքը մասնակցի իր ճակատագրին վերաբերող բանակցություններին»:

Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմն ընդհանրապես պետք է հրաժարվի ընդունել մադրիդյան սկզբունքները, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց. «Հայկական կողմն արդեն 5-6 տարի է անընդհատ պնդում է, որ հաջողությունը հաջողության վրա աղյուս առ աղյուս կառուցվում է, եւ սկզբում պրահյան սկզբունքները, հետո մադրիդյան սկզբունքները մեծագույն հաջողություն էին: Հիմա էլ ասվում է, որ նորացված սկզբունքներով եւս մեկ աղյուս դրվեց այդ փառահեղ հաղթանակների ճանապարհին: Այդ առումով, ինչպե՞ս կարելի է հրաժարվել մի բանից, որը դու առաջարկել ես»:

Նա նշեց նաեւ, որ քանի դեռ այդ սկզբունքները հրապարակված չէին, իրենք չգիտեին ինչ մասին է խոսքը եւ թերեւս կարող էին հավատալ, որ ինչ-որ նպաստավոր զարգացումներ կան: «Բայց այս գաղտնազերծումը ցույց տվեց, թե ինչ վտանգավոր ուղղությամբ են տարվում բանակցությունները: Այսինքն այն մարդը ով ինքն է առաջարկել դրանք, իր առաջարկից դժվար թե հրաժարվի»,- նկատեց Ա. Արզումանյանը:

NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Կիրո Մանոյանի այն հայտարարությանը, ըստ որի, ճիշտ էր, որ մինչեւ 2002 թվականը ԼՂ-ն չեր մասնակցում բանակցություններին, քանի որ այնտեղ քննարկվում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցը, ԱԳ նախկին նախարարն արձագանքեց. «Փաստաթուղթ կամ առաջարկ, որով Ղարաբաղը պետք է միավորվեր Հայաստանի հետ, բանակցային սեղանին չի եղել երբեւէ եւ Օսկանյանն էլ կարծես մամուլում հերքեց, որ նման բան եղել է: Ես նման փաստի մասին տեղեկություն չունեմ եւ վստահ եմ, որ նման բան չի էլ եղել»: