Թուրքական Penguen երգիծական ամսագիրը հեգնել է Թուրքիայում իշխանությունների կողմից վերահսկվող մամուլի հանդեպ Էրդողանի ճնշումները։
Penguen-ի հերթական համարում նկարված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաց ուտելիս։ Այդ ընթացքում նրան է մոտենում կինը՝ զգուշացնելով, որ փշրանքները հատակին չթափի, իսկ Էրդողանը պատասխանում է. «Չեմ թափի, թերթի սեփականատիրոջն եմ փռել»։
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Էրդողանը խիստ զգուշացում էր արել Milliyet-ի սեփականատեր Դեմիրօրենին, վերջինս էլ գլխավոր խմբագրից պահանջել է աշխատանքից ազատել Հայոց ցեղասպանության մասին գիրք գրած Հասան Ջեմալին։
Էրդողանն այդ դեպքից հետո հայտարարել էր, թե ինքը կապ չունի Հասան Ջեմալին գործից հանելու հետ՝ նշելով, թե թերթի սեփականատերը երբեմն իրեն հարցնում է, թե ում ընդունի աշխատանքի։





























