Փետրվարի 19-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 18 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 77 հարց, միջազգային 26 պայմանագիր: Նշենք, որ քառօրյայի օրակարգում են նաեւ երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրություններն ու կառավարության ներկայացրած ""Միջազգային պայմանագրերի մասին" օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրինագիծը: Վերջինս Հայաստանի իշխանություններին հնարավորություն է տալիս հետ կանչել իր ստորագրությունը կամ կասեցնել միջազգային պայմանագիրը, քանի դեռ այն ուժի մեջ չի մտել:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ փետրվարի 22-25-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը հաստատվելու են փետրվարի 22-ի ԱԺ նիստում: