Հայաստանն ապագայում կարող է օգտագործվել իբրեւ խողովակաշարերի անցկացման տարածք։ Փետրվարի 19-ին թուրք լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելը։

Նրա կարծիքով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը լավ անդրադարձ կունենան երկու երկրների էներգետիկ հատվածների վրա։

Մորելն ընդգծել է, որ ապագա խողովակաշարերի համար Հայաստանը եւս կարող է երթուղի դառնալ։

«Սակայն մինչ այժմ հնարավոր նոր խողովակաշարի վերաբերյալ ոչ մի կոնկրետ բան չկա։ Այսօրվա դրությամբ, իմ կարծիքով, գլխավոր գաղափարն այն է, որ Հայաստանն օգտագործենք իբրեւ տարածք՝ խողովակաշարերի անցկացման համար»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով, Կովկասն անպայմանորեն պետք է օգտագործվի էներգակիրների տեղափոխման համար, քանի որ «Հարավային միջանցքն ավելին է, քան NABUCCO-ն»։

«Միջանցքը մեկ խողովակաշար չէ, այլ խողովակաշարերի համակարգ։ Եվ միայն խողովակաշարերի խմբի առկայության դեպքում կարելի է խոսել հարավային միջանցքի մասին»,- ընդգծել է Պիեռ Մորելը։