Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում ադրբեջանցիների իրականացրած սպանդը բարոնուհի Քերոլայն Քոքսն անվանում էր ժամանակակից Գողգոթա: Այդ մասին ապրիլի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«1992թ. ապրիլի 10-ին Մարաղայում տեղի ունեցած սպանդն այդ տարիների ամենասարսափելի էջերից էր: Այն բանից հետո, երբ Հայաստանը 1992թ. դարձավ ԵԱՀԿ եւ ՄԱԿ անդամ, մենք հույսեր ոնեինք, որ խաղաղություն կտիրի, կավարտվի ռազմական իարվիճակը»,- նշել է Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ հայկական կողմի բոլոր ակնկալիքները հօդս ցնդեցին:

«Մարաղայի իրադարձությունները անպաշտպան մարդկանց սպանդ է: Ընդ որում, այդպես կոչված Մարաղա գյուղը բաղկացած էր երկու գյուղերից` Լենինավան եւ Մարգուշավան: Մարաղան, ի տարբերություն լեռներում գտնվող գյուղերի, անպաշտպան էր»,- նշել է Ալավերդյանը:

Նա նշել է, թե ռազմական գործողությունների ժամանակ գյուղը 5 հազար բնակչություն ուներ: «Նրանք, ովքեր մնացել էին գյուղում, դաժանաբար սպանվել էին, 59 մարդու գերեւարել էին, նրանցից 19-ին այդպես էլ չվերադարձրին մեզ: 40 մարդ վերադարձավ գերությունից, եւ դա միակ լուսավոր կետն էր»,- ասել է Ալավերդյանը:

Նշենք, որ իրավապաշտպան կազմակերպությունների եւ հայկական աղբյուրների տվյալներով, ադրբեջանական զինված խմբավորումների կողմից Մարաղայում սպանվել էր տարբեր գնահատականներով` 50-ից 100 մարդ:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am