Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական գրառումն է արել «Ֆեյսբուքում»` այս անգամ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին: Նա, մասնավորապես, գրել է.
«Հիմա, երբ արդեն տեղի է ունեցել նախագահի երդման արարողությունը, ինչ-որ տեղ հանդարտվել է փողոցը, եւ հաշվի առնելով, որ շուտով կնշանակվի վարչապետ եւ կառավարություն, որը կներկայացնի իր ծրագիրը, պահն է, որ սթափ եւ սառը, առանց ձեւականությունների եւ բաց աչքերով նայենք իրականությանը: Մեղմ ասած՝ երկրի վիճակը բարվոք չէ: Վերջին հինգ տարիների ընթացքում, մենք կարող ենք ասել, որ լավագույն դեպքում տեղում դոփել ենք: Քաղաքական մթնոլորտը անառողջ է, քաղաքական կոնֆիգուրացիան չի արտահայտում ժողովրդի կամքը:
Տնտեսական ոլորտում պատկերը էապես չի փոխվել. 2012թ. մեր ՀՆԱ-ն իր բացարձակ արժեքով մոտավորապես նույնն է, ինչ 2008թ., բայց զուգահեռաբար մեծացել է աղքատությունը, արտաքին պետական պարտքը եւ նվազել են օտարերկրյա ներդրումները:
Այս գրառումն անելուն ինձ դրդել է երկու հանգամանք:
Առաջինը, որ նախագահն իր երդմնակալության ելույթում հատկանշական մի ակնարկ արեց, ասելով. «Նաեւ շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների: Դրանով նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ: Դրանով նրանք իշխանություններին հղել են հստակ ուղերձ՝ ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Համոզված եղեք, որ բոլոր ուղերձները տեղ են հասել»: Այս արտահայտությունը հանրության մոտ բնական հարց է առաջացնում, թե նախագահն ինչպես է պատրաստվում գործել ժողովրդի պահանջները բավարարելու համար:
Երկրորդը, որ նախագահական ընտրությունների արդյունքում պաշտոնապես մոտ 600 հազար դեմ ձայների առկայությունը համընկավ իսկական Gallup-ի հարցման արդյունքների հրապարակմանը, ըստ որոնց՝ Հայաստանից արտագաղթել ցանկացողների թիվը 40% է, որն ամենաբարձր ցուցանիշն է նախկին խորհրդային 12 հանրապետությունների շարքում, այն դեպքում, երբ մեր երկու անմիջական հարեւան երկրներում այդ թիվն ընդամենը 14% է: Սա բոլորովին այլ սրություն է հաղորդում շուրջ 600 հազար քաղաքացիների բողոքին եւ առավել հրատապ է դարձնում իշխանությունների կողմից կադրային եւ բովանդակային քաղաքականության փոփոխությունը՝ ամենակարճ ժամանակում շոշափելի արդյունքների հասնելու համար:
Ես՝ որպես ՀՀ սովորական քաղաքացի՝ առանց հավակնելու նախագահին խորհուրդներ տալու, կուզենայի ներկայացնել, թե ինչպես եմ պատկերացնում այդ պահանջների բավարարումը: Իհարկե, այս ցուցակը կարող է շատ երկար լինել եւ վերաբերել թե՛ ներքին ու արտաքին, թե՛ տնտեսական քաղաքականությանը: Ես կբավարարվեմ՝ ներկայացնելով ընդամենը մի քանի ներքաղաքական նկատառումներ, որոնք կարծում եմ՝ հիմնական գրավականն են այլ ոլորտներում որեւէ առաջընթաց արձանագրելու համար:
Առաջին, չխրախուսել այն, ինչ կեղծ է եւ իմիտացիա: Այսօր այս երկուսը քաղաքական վիճակի եւ գաղջ մթնոլորտի հիմնական պատճառներն են: Դա արվում է թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական այլ ուժերի կողմից: Ֆեյսբուքյան կեղծ գրառումներից, սոցիալական սուտ հարցումներից, իրավիճակի աղճատված ներկայացումից սկսած՝ մինչեւ ընդդիմադիր քողի տակ իշխանության կողմից վերահսկվող լրատվամիջոցների գործունեություն. ժողովուրդն այլեւս ոչնչի չի հավատում: Այս երեւույթն իր բացասական հետեւանքներն է ունենում եւ փչացնում է մի ամբողջ սերնդի, որի զարգացման եւ տեղեկատության աղբյուրը հենց դրանք են:
Երկրորդ, հնարավորինս արագ առողջացնել քաղաքական մթնոլորտը՝ իշխանական առավել հանդուրժողականություն ցուցաբերելով քաղաքական այլ ուժերի, անհատների գործունեությանը: Վերջիվերջո ընդունել, որ քաղաքական մենաշնորհը կառավարման արդյունավետ միջոց չի եղել, եւ այսօր մրցակցության, հակաշիռների առկայության եւ պատասխանատվությունը կիսելու ճանապարհով միայն հնարավոր կլինի երկրում առաջընթաց ապահովել եւ լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:
Երրորդ, առաջնորդող դեր վերցնել երկրում ձեւավորելու այն օրակարգը, որ տարիներ շարունակ առաջարկվում է ոչ իշխանական ուժերի կողմից: Այդ օրակարգի ձեւավորման գործընթացը եւ արդյունքները էական փոփոխություն կբերեն կառավարման համակարգում՝ հասարակությանը վստահություն եւ հույս հաղորդելով երկրի ապագայի նկատմամբ»:



























