Եթե ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին առաջարկեն նոր նախարարություն ոտքի հանել, ինչպես կայացրել է ԱԻՆ նախարարությունը, կհամաձայնի, բայց չի ցանկանում Ժուկովյան դերակատարում ունենալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը արձագանքելով հարցին, թե Հովիկ Աբրահամյանը ակնարկել էր երկու նախարարի փոփոխության մասին, եթե իրեն առաջարկեն նոր նախարարություն ոտքի հանել, որպես կայացած նախարար, կհամաձայնի՞, թե՞ ոչ:
Նախարարը միաժամանակ նշեց, որ հիմա ինքն իր նախարարությունը ունի եւ նախարարությունը դեռ զարգանալու տեղ եւ անելիքներ ունի: «Ճիշտ է` նախարարությունում կատարված աշխատանքների մասին կարելի է խոսել երկար եւ անվերջ, բայց անելիքներ էլ շատ կան: Սակայն , եթե հանձնարարեն գնալ այլ նախարարություն, պետք է մտածենք»,-ավելացրեց Արմեն Երիցյանը: Դիտարկմանը, թե հիմնականում խոսվում է ֆինանսների եւ բնապահպանության նախարարների փոփոխության մասին, Երիցյանն ասաց. «Դե ֆինանսների նախարար ես 100 տոկոսով չեմ կարող լինել, իսկ բնապահպանության նախարարությունը այդքան էլ իմ սրտով չի լինի»: Հարցին, թե ինչի շնորհիվ իրեն հաջողվեց ոտքի կանգնեցնել ԱԻՆ-ը, Երիցյանն անկեղծացավ.«Ինչ-որ տեղ երեւի ադմինիստրատիվ փորձը: Հետո լավ թիմ կա: Ուր գնում ես, ոչ թե պետք է հետդ տանես մարդկանց, այլ այնտեղ տեղում ձեւավորես թիմը: Բոլոր տեղերն էլ աշխատող են: Չաշխատող մարդ չկա: Կա վատ ղեկավար: Վատ աշխատակից չկա` վատ ղեկավար կա: Պետք է խստություն լինի: Օրինակ, ես 8.15 աշխատանքի տեղում եմ լինում: Դուք ոնց եք պատակերացնում, որ 9-ից 5 պակասից մեկը ուշանա, ես ինձ կհարգե՞մ: Չեմ հարգի: Ես չեմ ասում, որ 8.15 պետք է գան, բայց 9-ից 5 պակաս, 9-ին աշխատանքի տեղում չեղավ, ես ինձ չեմ հարգի: Դա կնշանակի, որ ես թույլիկ եմ, իսկ ես թույլ մարդ չեմ եղել երբեք: Ամեն ինչ կարգ ու կանոնից է սկսում»:




























