30-ամյա Անի Թառլանյանը, «Օդնոկլասնիկի»  սոցիալական կայքով ներկայանալով «Զարե Խաչատրյան» ծածկանվամբ, հարեւանուհուն հայտնել է, որ նրան տեսել է տղամարդու հետ հյուրանոցից դուրս գալիս եւ այդ տեղեկությունը չտարածելու համար նրանից պահանջել է 250 հազար դրամ գումար: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

30-ամյա Անի Թառլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 23-ին «Զարե Խաչատրյան» ծածկագրված կայքից «Օդնոկլասնիկի» սոցցանցի միջոցով իր հարեւանուհի` Անահիտ Ասատրյանի մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է 250 հազար ՀՀ դրամ գումար: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Անի Թառլանյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ ցուցմունք տվել այն մասին, որ հարեւանուհի Անահիտ Ասատրյանի հետ գտնվել է մտերիմ փոխհարաբերությունների մեջ։ 2012 թ-ին ինքն Անահիտից պարտքով 800 ԱՄՆ դոլար գումար է վերցրել, որը խոստացած ժամանակում չի կարողացել վերադարձնել, ինչի պատճառով իրենց փոխհարաբերություններն սրվել են։ Ստիպված մեկ ուրիշից պարտքով վերցրել է 800 ԱՄՆ դոլար եւ մարել Անահիտի պարտքը։ Որոշ ժամանակ անց մտադրվել է վրեժ լուծել Անահիտից։ Այդ նպատակով որոշել է նրա մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով գումար պահանջել եւ 2012թ. դեկտեմբերի 23-ին «Զարե Խաչատրյան» ծածկագրված կայքից «Օդնոկլասնիկի» սոցցանցի միջոցով Անահիտին հայտնել է« որ նրան տեսել է տղամարդու հետ հյուրանոցից դուրս գալիս եւ այդ տեղեկությունը չտարածելու համար նրանից պահանջել է 250 հազար դրամ գումար։ Կատրածի մասին տեղեկացել է Անահիտի դուստրը եւ  անմիջապես դիմել է ոստիկանություն։ Մի քանի օր անց Անիից տեղեկացել է, որ «Օդնոկլասնիկի» սոցցանցում նա է հանդես եկել «Զարե Խաչատրյան» անվամբ։

Քննելով գործը դատարանը վճռել է Անի Թառլանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով եւ պատիժ նշանակել տուգանք` 450 հազար դրամի չափով։