«Ժառանգություն» կուսակցությանը չեն հրավիրել Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ, «Բարեւ, Երեւան» համամասնական դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը
Իսկ թե ինչու նրանց չեն հրավիրել համագումարին, թեկնածուն խորհուրդ տվեց հենց ՀԱԿ-ից ճշտել:
Ի դեպ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քաղաքական ուժերին հրավիրել, չհրավիրելու մասին հարցին ի պատասխան, հայտնել էր, թե հրավիրել են բոլոր քաղաքական ուժերին եւ անհատներին, որոնք պատրաստ են իրենց հետ համագործակցել։
«Բայց ես ինչ իմանամ ում հետ են պատրաստ համնագործակցելու, թող իրենք պատճառաբանեն, թե ինչու չեն հրավիրել: Այն ժամանակ, երբ «Ժառանգությունը» իրենց հետ էր, չգիտես ինչու պատրաստ էր, հիմա երբ որոշակի աջակցություն «Ժառանգությունն» է զգում, այս դեպքում իրենք պատրաստ չեն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա շեշտեց, որ իրեն որոշելիքն է` ում են հրավիրում, ում` ոչ, իրենք դրանից ողբերգություն չեն սարքում, եթե իրենց գործելաոճը դա է, խնդիր չեն տեսնում, «Ժառանգությունը» նրանց ժամանակին ասել է, որ ցանկանում են համագործակցել, այնպես որ որեւէ խնդիր այստեղ չունեն, իրենք ում հետ ուզում են, թող համագործակցեն: Հարցին, թե հնարավոր է ձեզ չեն հրավիրել, քանի որ իրենց ելույթներում անդրադառնալու էին «Ժառանգությանը», նա պատասխանեց. «Չգիտեմ ինչի համար, բայց որ 2009թ.-ից իրենք իշխանության դեմ պայքարելու փոխարեն «Ժառանգության» դեմ են պայքարում,փաստ է»:




























