2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընդվզման համընդհանուր եւ ինքնաբուխ բնույթը վկայում են, որ ժողովուրդը կեղեքիչ համակարգից օր առաջ ազատվելու ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին՝ այդ պայքարին լծվելու պատրաստակամության հետ միասին նաեւ իրեն կազմակերպելու եւ առաջնորդելու յուրօրինակ պատգամ ու հանձնարարություն տալով նրան: Այդ մասին ասվում է «Նախախորհրդարան» նախաձեռնության հայտարարության մեջ:
«Սակայն մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպական հունի մեջ չի դրվում, ինչի հետեւանքով պայքարը գնում է դեպի փակուղի: Քվեարկության օրվանից մեկուկես ամիս անց դեռեւս չի մշակվել ու ներկայացվել շարժման կայացման ու ընթացքի ծրագիր, եւ չի ձեւավորվել այն համակարգող կոլեգիալ մարմին: Դրա փոխարեն ժողովրդին ընդամենը առաջարկվում է ընտրություն կատարել ոգեշունչ հռետորաբանության ու արկածախնդրության միջեւ:
Ընդսմին, այս ամենը կատարվում է շարժումը կայացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ «Նախախորհրդարանի» ու նրա ներկայացուցիչների` պարզ եւ հստակ կերպով ներկայացրած ծրագրային առաջարկությունների ու հորդորների անտեսմամբ:
«Նախախորհրդարանը» դեռեւս նախագահական ընտրությունների մեկնարկի փուլում զգուշացրել է, որ ազգի ու երկրի նորգաղութային կեղեքման գործիքի վերածված, ժողովրդի իշխանությունը յուրացրած եւ նրա ինքնիշխանությունը խափանող առկա պետական կառավարման համակարգի ներսում եւ նրա կանոններով հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել արդյունքի:
Ուստի ժողովրդի իշխանությունն իրացնելու ու նրա ինքնիշխանությունը դրսեւորելու միակ ճանապարհը ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ պետական կառավարման առկա համակարգից դուրս՝ ժողովրդի սահմանած կանոններով կազմակերպվող այլընտրանքային ընտրությունների միջոցով զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ստեղծումն ու լեգիտիմացումն է եւ հարմար պահին դրանցով գործողներին փոխարինումը:
Միայն այդ կերպ կարելի է կյանքի կոչել իրապես ինքնիշխան, հայության շահերն իրացնելու ունակ, մարդու եւ քաղաքացու ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող նոր որակի պետություն ստեղծելու համազգային նպատակը:
«Նախախորհրդարանը» վերը նշված հարցերի վերաբերյալ իր ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք»,- ասվում է հայտարարության մեջ:




























