Ամենահեշտը կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորեր ցուցակը, բոլորս այդ ցուցակի մեջ լինեին  եւ գնայինք հասնեինք հաղթանակի:Այս մասին ՀԱԿ հիմնադիր համագումարում, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Եթե Րաֆֆի Հովհաննսիյանի համաձայներ, որ ինքը պետք է գլխավորի շարժումը, հեշտ կլիներ հասնել համաձայնության, բայց չգիտես ինչու սա համարվում էր, թե նսեմացնում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում, որը կարծում եմ, բացարաձակապես այդպես չէ, դա պետք է դիտվեր շարժման մասը, այնպես չէ, որ բանակի զորավարը հրապարակ է գալիս այն ժամանակ, երբ Բեռլինի գրավումն է, իսկ մինչեւ այդ ճակատամարտեր կան, որոնք չեն նսեմացնում Բելինի գրավման նպատակը, նույն խնդիրը պետք է այդպես դրվեր եւ այդպես ավելի հեշտ կհասնեինք դրան»:

Նա նշեց, որ Երեւանում ընդդիմադիր քաղաքապետ ունենալը ոչ միայն շարժման, այլեւ երկրի, ժողովրդի համար է կարեւոր, նման առաջարկ արվել է, հանդիպել են, փորձել են այդ դաշինքը ձեւավորվել, բայց «նորից 1-ին տեղը ով պիտի լինի» եւ այլ այդ խնդիրներ դարձան կարեւոր եւ դաշինքը չի ստացվել:

Արմեն Ռուստամյանը հնարավոր է համարում Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմության միավորվելը, կոալիցիա կազմելը եւ քաղաքապետարանը գրավելը: Նրա կարծիքով` այս ընտրությունները շատ լավ առիթ են ցույց տալու, որ ընդդիմությունը պատրաստ է կարեւոր խնդիրների շուրջ միավորվել, դա հնարավորություն է ընդդիմության իշխանություն հաստատել Երեւան քաղաքում եւ այս պահը չի կարելի կորցնել:  «Եթե նախընտրական դաշինքը չստացվեց, կարելի է մտածել եւ իրականացնել հետընտրական դաշինքը, որը կարող է  նույն խնդիրը լուծել ավագանու ներսում»,- ասաց պատգամավորը: