«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը ներկա չէր ապրիլի 13-ին կայացած ՀԱԿ հիմնադիր համագումարին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ինքը հրավիրված էր, սակայն առողջական խնդիրների պատճառով չկարողացավ մասնակցել:
Սասուն Միքայելյանը ավելի վաղ վիրահատվել էր, սակայն բարդություններ են առաջացել: Նա մեզ հետ զրույցում կեսկատակ, կեսլուրջ նշեց, որ բժիշկները նշել են, որ 2 ամսվա ընթացքում «կամ կլավանաս, կամ կմեռնես»:
Սասուն Միքայելյանը ՀԱԿ-ին անդամագրվելու դիմում չի գրել, կգրի, թե ոչ, առայժմ չասաց. «Կգա ժամանակը, կասեմ, առողջանամ, առողջ դատողությամբ կասեմ»:
Ի դեպ, չհաջողվեց պարզել, թե Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը հրավիրված էին ՀԱԿ համագումարին, թե ոչ: Երբ փորձեցինք Հրանտ Բագրատյանից ճշտել, թե նրան հրավեր ուղարկվել է, նա նշեց, որ հարցերը գրավոր ուղարկենք իր օգնականին, իրենք կպատասխանեն: Իսկ Նիկոլ Փաշինյանի օգնականն էլ ասաց, որ այս պահի դրությամբ պատասխան չունի:




























