«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը եւս հրավիրված չէր ՀԱԿ հիմնադիր համագումարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
«Երեւի իրենք գիտեն, որ վերջին 3-4 ամիսը այնքան դիվերսիոն գործողություններ են կազմակերպել մեր կուսակցության հանդեպ, այդքան բարոյականություն ունեցել են, որ չեն հրավիրել, ամաչել են»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե չհրավիրելու պատճառը գուցե այն է, որ դուք պատրաստ չեք համագործակցել ՀԱԿ-ի հետ, Պետրոս Մակեյանն ասաց, որ 15 տարի շարունակ իրենց գործընկերը եղել է ժողովուրդը, իրենք ժողովրդի հետ են համագործակցում, բոլոր քաղաքական ծրագրերը կապում են ժողովրդի հետ. «Իսկ ՀԱԿ կուսակցությունը երեւում է ժողովրդից վաղուց տարանջատվել է կամ էլ ժողովրդին հուսախաբ անելով` հասկանում է որ այլեւս ժողովուրդը չի հավատա իրենց»:
Պետրոս Մակեյանն ասաց, որ իրենք այժմ ժողովրդի հետ են, աջակցում են Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժմանը, կուսակցությունն էլ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է «Բարեւ, Երեւան» դաշինքով: Նա չցանկացավ գնահատական Լեւոն Տեր-Պետրոսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա շարժման մասին հնչեցված գնահատականներին:
Միայն հիշեցրեց, որ մինչ «Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետո աղոթեի» արտահայտությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, թե չի ցանկանում հարվածել պայքարող մարդուն, բայց դրանով արդեն իսկ հարվածում է: Ինչ վերաբերում է նախագահ դառնալու համար Երեւանի ավագանում հաղթանակ տանելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի արտահայտությանը, Պետրոս Մակեյանը նկատեց, որ նախագահական ընտրություններին չմասնակցող ուժերը հիմա հայտարարում են,թե Երեւանը վերցնելով` հարցերը լուծվում են, ինքը դրա հետ համաձայն չէ, քանի որ իշխանությունները ունեցած, չունեցած ռեսուրսը կօգտագործեն եւ կպահեն Երեւանը:
Կուսակցության ղեկավարը տեղեկացրեց, որ առաջիկայում ՀԱԿ դաշինքի ուժերը իրենց դիրքորոշումը կարտահայտեն ՀԱԿ-ի ճակատագրի մասին: «Դաշինքը որպես այդպիսին գոյություն չունի, քաղաքական ուժերը, որոնք 5 տարի ճանապարհ են անցել, ունեն այնքան բարոյականություև, որ հավաքվեն, արտահայտեն իրենց տեսակետը հնարավոր համագործակցության մասով»,- ասաց նա:




























