Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ այսօր պետք է կայանային «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (հայտնի «Միլանո» խանութի) քաղաքացիական գործով լսումները:
Հայցվորը` տարածքի նախկին սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը, պահանջում է, որպեսզի իրեն փոխհատուցվի Կենտրոնի կառուցապատման ծրագրի շրջանակներում իրենից հարկադրաբար վերացված շինության ամբողջ արժեքը: Հատուցվել էր «Միլանո» խանութի` երեք հարկերից եւ նկուղից բաղկացած տարածքից միայն առաջին հարկի արժեքը: Մնացածը իրացվել էր առանց համապատասխան պայմանագրի եւ առանց որեւէ փոխհատուցման:
Դատական նիստում պատասխանող կողմը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը երկու շաբաթով հետաձգելու մասին` գործի նյութերին ծանոթանալու եւ պատասխան պատրաստելու համար: Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դեմ հանդես եկավ միջնորդությանը` նշելով, որ պատասխանողի ներկայացուցչը չի կարող յուրաքանչյուր փոփոխության դեպքում նորանոր ժամկետ տրամադրվել:
Դատավորը կարծես համաձայն էր Հ.Ալումյանի առարկության հետ, սակայն մյուս կողմին «չնեղացնելու» համար կրկին հետաձգեց գործի քննությունը: Հիշեցնենք, որ նույն պատճառաբանությամբ հետաձգվել էր նաեւ նախորդ դատական նիստը:



























