Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսպանիա մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերվել են դատական համակարգում առկա լարվածությանը:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ ներկա պահին Թուրքիայի դատական համակարգի բարեփոխումներին սպասում են թե քաղաքական կուսակցությունները, թե հասարակական կառույցները, եւ այդ սպասումները չպետք է անպատասխան թողնել: Էրդողանը լրագրողներին հայտնել է, որ այդ ուղղությամբ համապատասխան մասնագետները աշխատանքներ են տանում, որից հետո հավանաբար այն կբերվի խորհրդարանի օրակարգ: Ընդ որում, նա նաեւ նկատել է, որ այդ փոփոխությունների համար անհրաժեշտ է նաեւ հանրաքվե անցկացնել:

Նշենք, որ փետրվարի 16-ին Էրզրումի հատուկ իրավասության դատախազների հրամանով ձերբակալվել է Էրզինջանի նահանգային գլխավոր դատախազը` մեղադրվելով «պաշտոնական դիրքի չարաշահում» եւ «Էրգենեկոնի անդամ լինելու» մեղադրանքներով: Նրա գործը արագ տեղափոխվել է Ստամբուլ եւ հանձնվել «Էրգենեկոնի» գործի դատախազներին: Այս ձերբակալությունից շատ չանցած Թուրքիայի «Դատախազների եւ դատավորների բարձրագույն խորհուրդը» դադարեցրել է Էրզինջանի գլխավոր դատախազի ձերբակալման հրամանը արձակած Էրզրումի հատուկ իրավասության դատարանի բոլոր դատախազների լիազորությունները: Այս ամենը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակությունում: Թուրքիայի վարչապետը շտապ խորհրդակցության է հրավիրել ոլորտով հետաքրքրված նախարարներին, որից հետո Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է, որ «Դատախազների եւ դատավորների բարձրագույն խորհուրդը» գերազանցել է իր իրավասությունները: Դատական համակարգ-իշխանություն հակասությունը շարունակում է լարված մնալ: