Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է խիստ ուշադրություն դարձնել հաղորդուղիների անցկացումից հետո ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների որակի ապահովմանն ու հայտնաբերված թերությունները վերացնել կապալառու կազմակերպության միջոցներով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության առողջապահական ակցիայի մասով զեկուցվել է, որ շարունակվում է  նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը եւ, քաղաքապետի հանձնարարության համաձայն, կավարտվի միայն բոլոր հերթագրվածներին համապատասխան օգնություն ցուցաբերելուց  հետո:

Տրանսպորտի վարչության պետին հանձնարարվել է խստորեն հետեւել հասարակական տրանսպորտի երթեւեկության ժամանակացույցի պահպանմանը հատկապես երեկոյան ժամերին:

Հստակ հանձնարարականներ են տրվել նաեւ մայրաքաղաքում ընթացող լայնածավալ շինբարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքների ինչպես սահմանված ժամանակացույցի պահպանման, այնպես էլ աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողության ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ նախորդ տարվա ընթացքում թույլ տված թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Զեկուցվել է, որ մեկշաբաթյա ժամկետում կավարտվեն բազմաբնակարան շենքերում հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների տեղադրման աշխատանքները: Արդյունքում նման ցուցատախտակների թիվը մայարաքաղաքում կավելանա եւս երկու հարյուրով:

Համապաասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է շարունակել հսկողությունը հարակից տարածքների բարեկարգման պարտադիր նորմերի կատարման ուղղությամբ:

Կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է առավելագույն սեղմ ժամկետում վերացնել վերագործարկված ցայտաղբյուրների որոշ բակային տարածքներում առկա թերությունները:

Զեկուցվել է, որ համաքաղաքային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում ընդհանուր առմամբ ավելի քան 30 հազար ծառ ու 10 հազար թուփ է տնկվել: Հանձնարարվել է պարբերաբար ոռոգել ու տնկիների համար համապատասխան խնամք ապահովել:

Մայրաքաղաքում մեկնարկել են կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Հասրակական տրանսպորտի երթուղիներն սպասարկող եւս 65 ավտոբուս համալրվել է GPS համակարգի սարքավորումներով:

Նախորդ  շաբաթ Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծով ստացվել է 310 հեռախոսազանգ, որոնցից 244-ը պատասխան է ստացել, իսկ մնացածի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են: Սահմանված ժամանակցույցով կատարվել է նաեւ քաղաքացիների ընդունելությունը:

Համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է հավուր պատշաճի նախապատրաստվել եւ անցկացնել ապրիլի 24-ին նախատեսվող ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Հանձնարավել է ըստ ամենայնի նախապատրաստվել եւ անցկացնել նաեւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա ամփոփիչ, ինչպես նաեւ պարի համաշխարհային օրվան նվիրված ու ջազի միջազգային փառատոնի միջոցառումները: