Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Ժան Մաքարոնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Լիբանանի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու երկրների նախագահների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել հայ-լիբանանյան հարաբերություններին, առկա են նոր ծրագրեր եւ նախաձեռնություններ, որոնք կյանքի են կոչվում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մաքարոնը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելել է, որ Լիբանանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը, ինչպես նաեւ ընդգծեց լիբանանահայ համայնքի մեծ ներդրումը Լիբանանի զարգացման եւ բարգավաճման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես իրավիճակին Սիրիայում։




























