Կահիրեի դատարանը որոշել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին՝ 2011 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների մահվան գործի շրջանակներում: Դատավորը հայտարարել է, որ «Մուբարաքը ազատ է արձակվում, եթե նա որպես մեղադրյալ չի անցնում այլ գործերով», հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Օրենքով նախատեսված նախնական կալանքի բոլոր ժամկետները վաղուց սպառվել են, նշել է Մուբարաքի փաստաբան Ֆարիդ ալ-Դիբը: Ցմահ ազատազրկումը, որով Մուբարաքը Տորայի բանտում է անցկացրել ավելի քան 6 ամիս, չեղյալ է համարվել Վերաքննիչ դատարանի կողմից, հիշեցնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Միաժամանակ, այս տարվա ապրիլի սկզբին Եգիպտոսի նախկին նախագահի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Այս անգամ Հոսնի Մուբարաքին մեղադրում են կոռուպցիայի եւ բյուջեի գումարները վատնելու մեջ: Խոսքը բյուջեից 160 մլն դոլարի յուրացման մասին է: Ապրիլի 7-ին Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաաթ Աբդալլահ Իբրահիմը միջնորդել է կալանավորել Մուբարաքին պետական միջոցները լուրացնելու մեղադրանքով, սակայն այդ գործով դատական նիստը հետաձգվել է:
Մուբարաքին ազատ արձակելու որոշումից անմիջապես հետո դատարանի մոտ բախումներ են սկսվել նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, հաղորդում է РБК-ն:




























