Թուրքիայի իշխանությունները հենց սկզբում բարձր մակարդակով թույլ են տվել Երեւան-Վան չվերթի իրականացումը, որի վերաբերյալ կան համապատասխան փաստերը, սակայն վերջին պահին նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը ճիշտ այնպես, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեպքում, սառեցնելով դրանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ թուրքական իշխանությունները փորձում են քաղաքականացնել նույնիսկ այնպիսի ոչ քաղաքական հարց, ինչպիսին Երեւան-Վան չվերթն է: Իսկ քաղաքականացման գործընթացում նրանք հիմնական գործիքը սուտն ու կեղծիքն է»,-նշեց թուրքագետն՝ ընդգծելով, որ Երեւան-Վան չվերթի համատեքստում ակնհայտ են թուրքական քաղաքականության անլրջությունն ու անսկզբունքայնությունը:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիան դեռեւս չմեկնարկած չվերթի դադարեցումը բացատրել է նրանով, որ այդ նախաձեռնությունն, առաջին հերթին, ստացվել է թուրքական կողմից, իսկ բիզնեսի տեսանկյունից չվերթը ձեռնտու էր հենց նրան: «Իհարկե, դա ծիծաղելի բացատրություն է: Պարզապես անլուրջ է դեռ չսկսված չվերթի չեղյալ հայտարարելը բացատրել բիզնեսի առումով ոչ ձեռնտու լինելով: Բացի այդ, ակնհայտ է, որ չվերթի սառեցումը կատարվել է ոչ թե Թուրքիայի քաղավիացիայի, այլ՝ ԱԳՆ-ի կողմից»,-ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ այստեղ դեր է խաղում երկու հանգամանք՝ Ադրբեջանի բուռն արձագանքն ու թուրք հասարակության բացասական տրամադրվածությունը: «Սակայն նման տրամադրությունն ծագել է հենց Թուրքիայի իշխանությունների քայլերի հետեւանքով: Այս ամենը կարելի է համարել Թուրքիայի քաղաքականությանը բնորոշ հերթական դրսեւորումը՝ խոստանալ, ստորագրել, երաշխավորել, իսկ վերջում՝ հրաժարվել»,-ամփոփեց նա: