ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է եկել նոր նախագիծ-առաջարկով՝ Հանրապետության Հրապարակում տեղադրել ազգերի «տոհմածառը», որի համաձայն աշխարհի բոլոր ազգերը սերում են Հայաստանից եւ հայերից: Դեռեւս 2004 թվականին հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Մրցույթի արդյունքում, սակայն, որեւէ նախագիծ չէր հաղթել:
Ազգերի «տոհմածառ» ներկայացնող այս նկարը մեզ է հասել 1634 թվականին Լոնդոնում տպագրված ավետարանից: Այս «տոհմածառում» Հայաստանը ներկայացված է որպես մարդկության բնօրրան: Ծառի հիմքում տապանն է, որը կանգնած է Մեծ Մասիսի գագաթին, վերջինիս վրա կա գրություն Armenia եւ Ararat: Մոտ 12 մետր բարձրությամբ ծառն իր տեսքով լիովին համապատասխանում է թամանյանական ոճին եւ ներդաշնակորեն լրացնում է այն:
Բացի ծառի խորհրդանշական մեծ նշանակությունը, այն նաեւ ունի տուրիստական, գիտական, կրթական եւ մշակութային մեծ արժեք: Ծառի հիմքում տեղակայված տապանը ունենալու է պատուհան-անցքեր, որոնցից ներս բոլոր ցանկացողները կարող են խորհրդանշական մետաղադրամներ գցել: Դա հանդիսանալու է յուրօրինակ «Ազգերի օգնության ֆոնդ», որում կուտակված գումարը ամեն տարի հատկացվելու է, որեւէ այլ ազգի` օգնություն ցուցաբերելու համար: Ծառի մոտ լինելու են հատուկ մետաղյա ցուցանակներ, որոնց վրա աշխարհի բոլոր հիմնական լեզուներով գրվելու է հակիրճ տեղեկատվություն ծառի եւ նրա նշանակության մասին: Նախագծի իրականացումը կապված չէ չափազանց մեծ ծախսերի հետ եւ այն կարող է իրականություն դառնալ ինչպես պետական միջոցներով, այնպես էլ հետաքրքրված անհատների կամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ:




























