Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` Ցոտնե Գամսախուրդիան օգոստոսյան պատերազմի կապակցությամբ քննության հետ համագործակցելուց հրաժարվելու Միխայիլ Սահակաշվիլիի մերժումը գնահատել է որպես պատասխանատվությունից խուսափելու փորձ: Նրա խոսքով, օգոստոսյան պատերազմի հետաքննությունն անհրաժեշտություն է, Սահակաշվիլին այդ հարցով ավելորդ աղմուկ է բարձրացրել:
«Այդ խուճապը վկայում է, որ Սահակաշվիլին չունի հարցերի պատասխաններ, կամ էլ պատասխանները տհաճ են լինելու նրա համար: Արդար մարդը չպետք է վախենա հետաքննությունից: Այդ պատերազմին վերաբերող ցանկացած հարց չպետք է անպատասխան մնա»,- նշել է Գամսախուրդիան:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, թե նախագահ Սահակաշվիլիին կարող են հարցաքննել 2008թ. օգոստոսյան իրադարձությունների մասին: Սահակաշվիլին ի պատասխան նշել էր, թե հակապետական քննության հետ չի համագործակցի:




























