Որպես իր գրքերի հերոսներ հրապարակախոս Սերգեյ Գալոյանն ընտրում է այն մարդկանց, ովքեր, գտնվելով էքստրեմալ պայմաններում, փորձում են պահպանել իրենց մարդկային էությունը: Այդ մասին ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սերգեյ Գալոյանը` պատմելով սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մասին տարվա սկզբին գրած գրքից, հավելելով, որ Դեդ Հասանը հենց այդպիսի մարդ էր:

«գրքի վրա սկսեցի աշխատել 2010 թվականից, երբ Ասլան Ուսոյանի վրա մահափորձ եղավ, ավարտեցի նրա մահից հետո: Նրան լավ գիտեի, հանդիպել էի: Նա սերտ կապերի մեջ էր հայերի, մասնավորապես Ռաֆայել Բաղդասարյանի (Սվո Ռաֆ) հետ»,- ասել է քրեագետը: Նա ընդգծել է, թե Ուսոյանը հատուկ օրերի եկել է Հայաստան, օրինակ` շնորհավորելու «Սվո Ռաֆի» ծնունդը, իսկ մահից հետո` հարգելու հիշատակը:

Գալոյանի խոսքով, ինքը չի իդեալականացնում իր գրքերի հերոսներին, ընդհակառակը ներկայացնում է այնպիսին, ինչպիսին կան. Ասլան Ուսոյանն իր ամբողջ կյանքն ապրել է` ձեռքը պուլսին, կարեւոր չէ, թե որքան մարդկանց ինքն ու իր նմանները զրկել են կյանքից: Սարսափելի անարգանք դրսեւորեցին Դեդ Հասանի նկատմամբ վրացական իշխանությունները, երբ արգելեցին նրա դագաղով ինքնաթիռի վայրէջքը Թբիլիսիի օդանավակայանում, եւ հարազատները ստիպված էին վերադառնալ Մոսկվա»:

«Կա մեկ ճիշտ, մարդը ծնվում է, ապրում է, իսկ երբ սպանություն է լինում, դա ողբերգություն է»,- ասել է Գալոյանը: Գալոյանը պնդել է, որ Դեդ Հասանի մասին գրքում հիմնական գաղափարախոսական բաղադրիչը ուսուցանող տարրերն են. «Հնարավորինս հեռու մնալ քրեական աշխարհից, վտանգավոր է»;

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am