ԲՀԿ-ն եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երբեք որեւէ քաղաքական ուժի հետ անքակտելի կապերով կապված չեն եղել, որը կարող էր խոչընդոտ լինել սեփական քաղաքական կուրսի իրականացման համար: Այսօր՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում նման պատասխան տվեց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ ԲՀԿ-ի նկատմամբ հնարավոր ճնշումների եւ ՀՀԿ-ից «պոկվելու» փորձի մասին հարցին: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի քաղաքական կուրսը հասկանալի է ընտրողների համար եւ մարդիկ գիտեն՝ ինչ սպասել ԲՀԿ-ից:

Ուրիխանյանը նաեւ նշեց, որ ԲՀԿ-ի առաջնորդի բոլոր ասածներն իրականացվում են, իսկ եթե խոստումներ չեն տրվել, շատերը կարող են իրենց մտքում ակնկալիքներ ունենալ: Դրանք, ըստ նրա, այս կամ այն գործողությունների դրդելու փորձի բնույթ են կրում կամ էլ հորինվում են ընդդիմախոսների կողմից:

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ բուժուադեմոկրատական հեղափոխության մասին հայտարարությանը, Ուրիխանյանն ասաց, որ ինչպես 8 տարի առաջ, համարում է, որ Հայաստանին պետք է հեղափոխություն, բայց գյուղատնտեսության, գիտության եւ այլնի հեղափոխություն: «Լինելով կենտրոնամետ կուսակցության ներկայացուցիչ, այլ բան ասել չեմ կարող»,-ասաց նա:

Լրագրողները խնդրեցին համեմատություն անցկացնել գործարարներ Գագիկ Ծառուկյանի եւ Խաչատուր Սուքիասյանի միջեւ (նրանց օրերս համեմատել էր Լեւոն Տեր-Պետրոյսնը-խմբ), ինչին ԲՀԿ մամուլի քարտուղարը չպատասխանեց, նշելով, որ իր կողմից կոռեկտ չի լինի համեմատել իր կուսակցության առաջնորդին:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ հնարավոր ֆինանսական կապերի մասին խոսակցություններին, Ուրիխանյանն ասաց, որ իրեն հայտնի չէ այդ խոսակցությունների աղբյուրը: «Այդ եւ այլ շահագրգիռ քաղաքական ուժերի հետ մենք հարաբերություններ ենք կառուցում ընդհանուր շահերի շուրջ, որը տեսանելի է ընտրողներին»,-ընդգծեց նա: