Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը գիրք է գրել ամուսնու մասին եւ այն վերնագրել «Հիշատակ»: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ինքը՝ Ռիմա Դեմիրճյանը: Նշենք, որ ապրիլի 17-ին լրանում է Կարեն Դեմիրճյանի ծննդյան 81-րդ տարեդարձը:
Ռիմա Դեմիրճյանը նշեց, որ դժվար էր անցնել վերապրումների միջով, ու թեեւ ընդմիջումներով, կանգառներով, բայց անցել է այդ ճանապարհը: «Կարեն Դեմիրճյանը բարոյականության տեր մարդ էր, լիներ արտաքին աշխարհում, ներսում թե ընտանիքում՝ ընկերների շրջանում: Նրա բարոյականության սկզբունքները նույնն էին: Եթե նրան առանց մոտիկից ճանաչելու բոլորն ընկալում էն որպես դրական մարդ, դե պատկերացրեք, որ ընտանիքում եւ շրջապատի ներսում էլ ավելի էին ընդգծվում նրա բարոյական եւ մարդկային հատկանիշները: Հրանտ Մաթեւոսյանը նրան բնութագրել էր որպես մարդ առանց արատների եւ դա ճիշտ էր»,- ասաց Ռիմա Դեմիրճյանը՝ հավելելով, որ Կարեն Դեմիրճյանն ինքը ցանկացել է գրել հուշեր: «Դա կլիներ շատ հիմնարար, կապիտալ աշխատություն, բայց չհասցրեց: Այդ հանգամանքը ինձ պարտադրեց, իհարկե, ոչ այդքան խորությամբ, բայց ինչ-որ չափով պարտքս կատարել»,- ասաց Ռիմա Դեմիճյանն ու ավելացրեց, որ իր հիմնական նպատակը այն է եղել, որ հայությունը ճանաչի Կարեն Դեմիրճյանին. «Կան բաներ, որ միայն ես գիտեի եւ իրավունք չունեի հետս տանել»:
Նրա խոսքով, ժողովուրդը Դեմիրճյանից կուռք չի սարքել, այլ պարզապես գնահատել է նրա կատարած գործերը, նրա ներդրումը եւ դրանով է պայմանավորված Կարեն Դեմիրճյանի հանդեպ վերբերմունքը: Նրա խոսքով՝ քաղաքական գործչին սիրուն աչքերի համար չեն սիրում, այլ՝ գործերի:




























