Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան վերափոխել չի կարելի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված, Երեւանի ճարտարապետա-շինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Նրա խոսքով, շենքի վերափոխման ընթացքում պետք է միայն այնպիսի ճարտարապետական լուծումներ տրվեն, որոնք չաղավաղեն քաղաքի ճարտարապետական տեսքը: «Եթե կառուցապատողը ցանկանումէ  արդիականացնել շենքը, գետնի տակ կարող է ուզածի չափ հարկեր կառուցել: Բայց վերգետնյա մասը պետք է անձեռնմխելի մնա»,- ասել է Հ.Թոքմաջյանը:

Նրա խոսքով, այդ դիրքորոշումը կապված չէ շենքի սեփականատիրոջ անձի հետ` հանրապետական լինի, թե ընդդիմադիր: «Ընտրությունները փոխարինում են իրար, սերունդները փոխարինում են իրար, իսկ Երեւանը կանգուն է մնալու: Ուստի մենք պետք է պահենք նրա տեսքը: Ահա թե ինչու ես դեմ էի Երիտասարդության պալատի քանդմանը, որը հնարավոր էր վերականգնել»,- ասել է Թոքմաջյանը:

Նա իր դիրքորոշումը չի փոխի, անկախ նրանից, թե ով է կառավարելու քաղաքը: